Ռուսաստանը Թուրքիայից կոշտ ազդանշան է ակնկալում «Երկնագույն հոսքի» վրա ուկրաինական հարձակումների պատճառով. Լավրով
Մոսկվան սպասում է, որ Անկարան Կիևին անախորժ ազդանշան կուղարկի «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերաբար իրականացվող ահաբեկչական հարձակումների պատճառով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Լավրովն ուշադրություն է հրավիրել այն ահաբեկչություններին, որոնք կիևյան ռեժիմն իրականացնում է ոչ միայն Ազովի, այլև Սև ծովում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուղղակի նախօրեին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն կար այն մասին, որ ուկրաինական անանձնակազմ մոտորանավակների նոր, բավականին հզոր հարձակումներ են իրականացվել թուրքական նավերի, թուրքական լցանավերի և այլ նավերի դեմ, որոնք թուրքական բեռներ էին փոխադրում։ Սա արդեն ամենևին էլ առաջին անգամը չէ, չխոսելով արդեն այն մասին, որ դեպի Թուրքիա գնացող «Երկնագույն հոսք» գազատարի ենթակառուցվածքը պարբերաբար ենթարկվում է ահաբեկչական հարձակումների:
Մենք հետաքրքրվել ենք մեր թուրք գործընկերներից, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել դրան:
Հուսով ենք, որ նրանք կկարողանան հրապարակայնորեն ինչ-որ գնահատական տալ այդ իրադարձություններին, ինչպես նաև կկարողանան կոշտ ու անախորժ ազդանշան հղել ահաբեկչական կիևյան ռեժիմին»։



