Ռուսաստանը միշտ անխորտակելի խոչընդոտ է լինելու նացիզմի համար. Պուտին
Ռուսաստանը միշտ անխորտակելի խոչընդոտ կլինի նացիզմի համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը անխորտակելի խոչընդոտ է եղել և լինելու է նացիզմի, ռուսատյացության, հակասեմիտիզմի համար, պայքարելու է այն վայրագությունների դեմ, որոնք անում են այդ ագրեսիվ, կործանարար գաղափարների ջատագովները»,-ասել է ՌԴ ղեկավարը Հաղթանակի շքերթի ժամանակ:
Պուտինը նաև նշել է, որ նացիզմի լիակատար ջախջախումն իրականացվել է շատ երկրների համատեղ ջանքերով, Ռուսաստանը բարձր է գնահատում դաշնակիցների ներդրումը, բայց երբեք թույլ չի տա ստել նացիզմին իրապես հաղթողների մասին:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանին միավորում է խոնարհումը Հայրենական Մեծ պատերազմում հաղթած սերնդի առջև:
«Այսօր մեզ բոլորիս միավորում են ուրախության և վշտի, հպարտության և երախտագիտության զգացումները, խոնարհումը մի սերնդի առջև, որը միլիոնավոր կյանքերի գնով ջախջախեց նացիզմը, ազատություն և խաղաղություն նվաճեց ողջ մարդկության համար: Մենք հավատարմորեն պահպանում ենք այդ պատմական, հաղթական իրադարձությունների հիշողությունը»,-ասել է Պուտինը։
Նախագահը ռուսաստանցիներին կոչ է արել օրինակ վերցնել վետերաններից և իրենց տունը պաշտպանելու նրանց վճռականությունից:
Նշենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել է ավելի քան 11,5 հազար զինծառայող, նրանցից ավելի քան 1,5 հազարը հատուկ ռազմական գործողության մասնակիցներ են: Հատուկ գործողության մասնակիցների շքերթային հաշվարկներում Ռուսաստանի 20 հերոս կա, Գեորգիևյան շքանշանի 44 և Արիության շքանշանի 54 ասպետ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: