շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան տասնամյակներ․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան տասնամյակներ․ ՌԴ ԱԳՆ

Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցները կմնան տասնամյակներ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին «Վալդայ» ակումբում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին նվիրված քննարկման շրջանակում։

Դիվանագետն ընդգծել է, որ Արևմուտքը Մոսկվայի հետ իր աշխարհաքաղաքական առճակատման ժամանակ փորձում է որպես զենք օգտագործել «համաշխարհային տնտեսական հարաբերություններում առկա փոխկախվածությունը՝ անտեսելով անօրինական սահմանափակող միջոցների կործանարար հետևանքները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ իր համար»։

«Այս պատմությունը կտևի տասնամյակներ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը և հետևանքը, սա, ըստ էության, պարզապես պատրվակ է, քանի որ պատժամիջոցները շատ ավելի վաղ են մտցվել, դրանց նպատակը նման անբարեխիղճ մրցակցությունն է»,- ասել է նա։

Բիրիչևսկին նաև հավելել է, որ արդեն իսկ գործում են ավելի քան 20 հազար պատժամիջոցներ, այդ թվում՝ անձնական, ոլորտային սահմանափակումներ և ակտիվների սառեցում։

  • Կիսվել: