ՌԴ-ը դեմ է հանդես եկել Սիրիայի շուրջ ամերիկյան կողմի հայտարարությանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ամերիկյան կողմի՝ Սիրիայում թուրքական ռազմարշավի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարությանը Ռուսաստանը դեմ է հանդես եկել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ նախօրեին ՄԱԿ-ի ԱԽ անդամները քննարկել են Անկարայի գործողությունները հարևան պետությունում, սակայն վերջնական փաստաթուղթ ընդունել այդպես էլ չի հաջողվել:
հոկտեմբերի 12-ի նիստում քննարկվել է ամերիկյան տարբերակը, որում Վաշինգտոնը մտահոգություն է հայտնում Սիրիայում թուրքական գործողությունների առնչությամբ: Փաստաթղթի փաթեթում Անվտանգության խորհրդի անդամներն Անկարային կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները հարևան երկրում:
Կոչ է արվում նաև ներգրավելու դիվանագիտական խողովակները՝ թուրքական կողմին հուզող անվտանգության հարցերը կարգավորելու համար:
Ընդ որում՝ փաստաթղթում Թուրքիայի գործողությունները բնութագրվել են որպես ներխուժում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հոկտեմբերի 10-ին կայացած դռնփակ նիստում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարության շուրջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում՝ պատճառաբանելով, թե պայքարում է քուրդ ահաբեկիչների դեմ: Թուրքիայի գործողություններն արդեն դատապարտել են բազմաթիվ երկրներ: