ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
ՌԴ-ում օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում. աղբյուր

ՌԴ-ում օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում. աղբյուր

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ նման միջոցառումներ կիրառվել են առնվազն 26 խոշոր օդանավակայանում։ Սկզբնական սահմանափակումները մտցվել էին դեռևս հունիսին, իսկ երկրորդ ալիքը գրանցվել է սեպտեմբերին։ 

Մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում 2026 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի լիցքավորումը թույլատրվում է միայն թռիչքային ծրագրին համապատասխան՝ առանց վառելիքի լրացուցիչ ծավալների։ Նմանատիպ սահմանափակումներ գործում են նաև Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում՝ հունիսի 8-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այս միջոցառումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողներին։

Հաղորդվում է նաև, որ ավիավառելիքի հետ կապված ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարավում, որտեղ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով որոշ օդանավակայաններ շարունակում են փակ մնալ։

Գործող վեց օդանավակայաններից Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում վառելիքով լիցքավորման սահմանափակումներ են գործում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար։ Կրասնոդարում, Միներալնիե Վոդիում և Վլադիկավկազում լիցքավորումը սահմանափակված է օտարերկրյա ավիաընկերություններին պատկանող օդանավերի համար։

  • Կիսվել: