Քուշները պահանջել է հերքել Ադրբեջանի միջոցով հարյուրավոր միլիոնավոր դոլարների փոխանցումների մասին հրապարակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և նրա հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշների փաստաբանները Vanity Fair ամսագրին և Condé Nast պարբերականին նամակ են ուղարկել՝ պահանջելով արձագանքել Ադրբեջանի միջոցով գաղտնի բանկային հաշիվներ ենթադրյալ դրամական փոխանցումների մասին հրապարակմանը, հայտնում է The Hill-ը։
Պաշտպանությունը հոդվածում ներկայացված մեղադրանքներն անվանել է կեղծ և Քուշների հեղինակությունը վարկաբեկող։
«Մենք պաշտոնապես տեղեկացնում ենք Vanity Fair-ին և Condé Nast-ին մեր վստահորդ Ջարեդ Քուշների վերաբերյալ հրապարակված կեղծ և վարկաբեկիչ պնդումների մասին»,- X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Չադ Միզելը։ Նրա կարծիքով, հետաքննության արժանահավատությունը հարցեր է առաջացնում նաև անկախ լրագրողների շրջանում։
Պահանջների պատճառ է դարձել հոկտեմբերի 22-ին հրապարակված հետաքննող լրագրող Մեթյու Քոուլի Princes and Thieves: Jared Kushner and Mohamed bin Zayed’s Secret Plot to Remake the Middle East («Իշխաններ և գողեր. Ջարեդ Քուշների և Մուհամեդ բին Զայեդի գաղտնի ծրագիրը՝ վերափոխելու Մերձավոր Արևելքը») գրքից հատվածը։ Նյութում նշվում էր, որ նիդերլանդական հետախուզությունը, հետևելով Քուշների հեռախոսին, բացահայտել է ֆինանսական գործարքներ, որոնք կապված են եղել գաղտնի բանակցությունների և Ադրբեջանի միջոցով կատարված խոշոր դրամական փոխանցումների հետ։
Հետաքննության համաձայն, Արաբական Միացյալ Էմիրություններում First Abu Dhabi Bank-ի հաշվեհամարին մոտ 750 մլն դոլարի մուտք է եղել։ Հաշվի սեփականատերը, որին հեղինակը նշել է որպես Alpha, եղել է Watani Al Emarat բարեգործական կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է ԱՄԷ կառավարության կողմից։ Միաժամանակ, Քոուլի վարկածով, Քուշներն ունեցել է հաշվի ստորագրության իրավունք։ Հեղինակը նաև պնդել է, որ միջոցները դոլարով մուտք են արվել ադրբեջանական բանկից։
Հրապարակման մեջ նկարագրվում էր ենթադրյալ սխեմա, որի դեպքում ադրբեջանական բանկերը կարող էին միջնորդի դեր կատարել արտերկիր խոշոր գումարների փոխանցումների ժամանակ՝ սաուդյան ռիալներով և ԱՄԷ դիրհամներով ստացված միջոցները փոխարկելով դոլարի։ Բացի այդ, Քոուլը գրել էր 2018 թվականի գարնանը Ադրբեջանի միջոցով մոտ մեկ միլիարդ դոլարի՝ Իսրայել փոխանցման մասին։ Սակայն ներկայացված պնդումները ինքնին չեն ապացուցում, որ այդ գումարները պատկանել են ադրբեջանական պետությանը կամ որ երկրի իշխանությունները մասնակցել են այդ գործարքներին։
Միզելը հայտարարել է, որ հեղինակը չի ներկայացրել բանկային քաղվածքներ, փոխանցումների վերաբերյալ փաստաթղթեր, հաշիվների համարներ կամ այլ ստուգելի ապացույցներ՝ մեղադրանքները հաստատելու համար։ Նա նաև կասկածի տակ է դրել այն, որ Vanity Fair-ը հրապարակումից առաջ ինքնուրույն ստուգել է ներկայացված տեղեկությունները։
Նամակում փաստաբանները պահանջել են անհապաղ հեռացնել հատվածը բոլոր հարթակներից և պահպանել դրա հրապարակման հետ կապված փաստաթղթերը։ Նրանք իրենց վստահորդի հասցեին հնչած մեղադրանքներն անվանել են կեղծ և վրդովեցուցիչ՝ նշելով, որ դրանցով փաստացի նրան ծանր հանցագործություններ են վերագրվում։
Ավելի վաղ Քուշների փաստաբանը նույնպես հայտարարել էր, որ իր վստահորդը տեղյակ չի եղել հետաքննությունում հիշատակված հաշիվների մասին, դրանց հետ կապ չի ունեցել և օրենք չի խախտել։ ԱՄՆ-ի Իսրայելում նախկին դեսպան Դևիդ Ֆրիդմանը, որին հեղինակը ներկայացրել էր որպես միջնորդ Քուշների և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև, կտրականապես մերժել է համապատասխան պնդումները։



