Քրդական զորքերը դուրս են գալիս Հալեպից
Քրդական զինված ուժերը դուրս են բերվում Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսից՝ Դամասկոսից 360 կմ հեռու գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններից, տեղեկացնում է SANA-ն։
Նշվում է, որ տարհանումը տեղի է ունենում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության և Դամասկոսի անցումային կառավարության միջև ապրիլի 1-ին կնքված համաձայնագրի շրջանակում։ Առաջին շարասյուները Եփրատի արևելյան ափ են շարժվել՝ սիրիական անվտանգության ուժերի ուղեկցությամբ։
Ինչպես հայտնի է՝ քրդաբնակ Աշրաֆիան և Շեյխ Մաքսուդը քուրդ զինյալների վերահսկողության տակ են 2012 թվականից: 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսում իշխանափոխությունից հետո նոր վարչակազմը քրդերին թույլ է տվել որոշ ժամանակ մնալ Հալեպում` խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Մարտի 10-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ քուրդ զինյալները կընդգրկվեն անցումային կառավարության զինված ուժերում։