Պուտինը չի ցանկանում Վատիկան մեկնել Ուկրաինայի հետ բանակցելու. Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին Վատիկանում կամ որևէ այլ վայրում, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով ռուս պաշտոնյաներին։ Կրեմլը նախընտրում է կենտրոնանալ Ստամբուլի ձևաչափով տեխնիկական մակարդակի բանակցությունների վրա։
Bloomberg-ի՝ կրեմլամերձ աղբյուրները նշել են, որ Պուտինը չի մեկնի ՆԱՏՕ-ի անդամ Իտալիա՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանը չի համարում չեզոք կողմ։
The Washington Post-ն էլ հաղորդել է, որ Իտալիան Մոսկվային տեղեկացրել է բանակցությունների մասնակիցների մուտքն ապահովելու պատրաստակամության մասին, սակայն դեռևս պարզ չէ, արդյոք դա կվերաբերի՞ Պուտինին, որի նկատմամբ գործում է Միջազգային քրեական դատարանի օրդերը: Իտալիան ճանաչում է ՄՔԴ իրավազորությունը և վավերացրել է Հռոմի ստատուտը:
Ըստ Bloomberg-ի՝ ԱՄՆ-ն ներկայումս կապի մեջ է Կիևի հետ՝ բանակցություններին աջակցելու համար, միաժամանակ զգուշացրել է Մոսկվային՝ խորհրդակցություններին «կոշտ գծի» կողմնակիցների մասնակցության անցանկալի լինելու մասին, ինչպիսին ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին է: Նա գլխավորել է Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցություններում այս տարվա մայիսի 16-ին և 2022-ին։