Պուտինն ու Թրամփը չեն մեկնում Ստամբուլ՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մայիսի 15-ին, չի մեկնի Ստամբուլ՝ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար։ Կրեմլը հրապարակել է ռուսական պատվիրակության մասնակիցների ցուցակը, որը հաստատվել է անձամբ Պուտինի կողմի։
Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա հետ բանակցություններին կմեկնեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, բանակի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Հաստատվել է նաև «բանակցությունների փորձագետների» կազմը։
Նույն օրը երեկոյան ամերիկյան Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի գնա Թուրքիա՝ բանակցությունների։ Նույն տեղեկությունը հրապարակել է Reuters-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրին։
Այսպիսով՝ Կրեմլը, ըստ էության, մերժում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը, որը պնդում էր Ստամբուլում Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու հարցում։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում մտադիր է հանդիպել միայն Պուտինի հետ։
Ուկրաինայի նախագահի հրամանագրով՝ Կիևի անունից բանակցություններ վարելու լիազորություններ են տրվել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին։