Պուտինն ու Լուլա դա Սիլվան հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի թեման
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան մայիսի 9-ին իրենց հանդիպման ժամանակ կքննարկեն BRICS-ի և խմբի ղեկավարների եզրափակիչ գագաթնաժողովի հետ կապված հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։
« Վստահ եմ, որ երկու նախագահներն էլ շահագրգռված կլինեն կարծիքներ և տեսակետներ փոխանակել գալիք գագաթնաժողովի վերաբերյալ»,- ասել է Վիեյրան։
Նախարարը հիշեցրել է, որ Բրազիլիայի համար BRICS-ը կառույց է, որը թույլ է տալիս համակարգել զարգացող երկրների և գլոբալ հարավի երկրների նախաձեռնությունները։ Բրազիլիան, որն այս տարի նախագահում է BRICS-ը, մի շարք նախաձեռնություններ և առաջարկներ ունի բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև միջազգային առևտուր, գիտություն և տեխնոլոգիաներ:
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 6-7-ը Ռիո դե Ժանեյրոյում։