Պուտինի հետ զրույցը ոչ մի առաջընթացի չի հանգեցրել Ուկրաինայի հետ հրադադարի հարցում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցը որևէ առաջընթացի չի հանգեցրել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Թրամփը նաև նշել է, որ գոհ չէ հակամարտության ձգձգումից։
«Ես նրա հետ ոչ մի առաջընթացի չեմ հասել», - ասել է Թրամփը լրագրողներին։
Կողմերը գրեթե 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, որն արդեն վեցերորդ հեռախոսազրույցն է հունվարին Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։
Հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ քննարկման առանցքում եղել է Ուկրաինան։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի հակամարտության պատճառների վերացման իր նպատակներից։ Կրեմլի ղեկավարը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը։
Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իրանում և Սիրիայում: Նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցության հնարավորություններին: