չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Պոկրովսկում շրջափակում չկա. Սիրսկի

Պոկրովսկում շրջափակում չկա. Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այցելել է Պոկրովսկի և Միրնոգրադի շրջաններ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ դրանք ներկայում ռուսական հարձակողական արշավի հիմնական թիրախներն են։

Սիրսկին ընդունել է տարածքում ստեղծված դժվարին իրավիճակը՝ ասելով. «Իրավիճակը բարդ է, բայց ռուսական քարոզչության պնդումները Պոկրովսկում, ինչպես նաև Կուպյանսկում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ենթադրյալ «շրջափակման» մասին չեն համապատասխանում իրականությանը»։

Նրա խոսքով՝ Պոկրովսկում ռուսական հետևակային ուժերը, «խուսափելով մարտական ​​բախումներից, կուտակվում են քաղաքային տարածքում և փոխում են իրենց դիրքերը, ուստի հիմնական նպատակը նրանց նույնականացնելն ու ոչնչացնելն է»։

«Մենք աշխատում ենք Պոկրովսկի հատվածում պաշտպանական դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ։ Այստեղ կարևոր են ստորաբաժանումների միջև բարձրորակ փոխգործակցությունը, նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովումը, այդ թվում՝ լրացուցիչ կարիքները բավարարելու համար, և հանձնարարված խնդիրների ճշգրիտ ու համակարգված կատարումը։ Յուրաքանչյուր հրամանատար, անկախ մակարդակից, պետք է ապահովի առաջադրանքների բարձրորակ կատարումը։ Ես խստորեն զգուշացրել եմ հրամանատարներին անպատասխանատվության մասին։ Դրա համար ես կձեռնարկեմ խիստ միջոցներ, այդ թվում՝ աշխատանքից հեռացում»,-ասել է Սիրսկին:

  • Կիսվել: