հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Պակիստանի և Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդականները կապ են հաստատել միմյանց հետ

Պակիստանի և Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդականները կապ են հաստատել միմյանց հետ

Պակիստանի և Հնդկաստանի ազգային անվտանգության խորհրդականները կապ են հաստատել միմյանց հետ՝ Հնդկաստանի հարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին, թուրքական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը։

«Այո, նրանց միջև կապ է եղել», – ասել է նա՝ ի պատասխան այս հարցի։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը սկսեց «Սինդուր» գործողությունը՝ հարվածելով Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնվող ինը թիրախների, որտեղ գտնվում էին ահաբեկիչները։ Նախարարությունը նշեց, որ գործողության ընթացքում պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ չի թիրախավորվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է ավելի քան 20 մարդ, իսկ 40-ից ավելին՝ վիրավորվել։

Նշենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Հնդկաստանը հայտարարել է, որ ունի Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության ապացույցներ: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է Հնդկաստանի մեղադրանքները, որ Իսլամաբադը ներգրավված է Քաշմիրի հարձակման մեջ: Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսլամաբադը իրավունք ունի համապատասխանաբար արձագանքել:

  • Կիսվել: