Նիդերլանդների և Լեհաստանի վարչապետների վրա ծխային ռումբ են նետել
Պաղեստինամետ ակտիվիստները խափանել են Նիդերլանդների վարչապետ Դիկ Սխոֆի և նրա լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի ելույթը՝ նացիստական օկուպացիայից Թագավորության ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, տեղեկացնում է NOS հեռուստաալիքը:
Նշվում է, որ քաղաքական գործիչների վրա ծխային ռումբեր են նետել:
Մասնավորապես՝ Տուսկի ելույթի ժամանակ անհայտ անձը բեմի վրա ծխային ռումբ է նետել, քաղաքական գործիչների թիկնազորը նրանց անմիջապես հեռացրել է դահլիճից:
Ավելի ուշ, սակայն, նրանք վերադարձել են, որպեսզի միջոցառումն ավարտեն՝ վառելով ազատագրման կրակը, որը խորհրդանշում է Թագավորության ազատագրումը նացիստական օկուպացիայից և Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:
Ցուցարարների գործողությունների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Չի հաղորդվում նաև, թե արդյոք ռումբը նետողը ձերբակալվե՞լ է, թե՞ ոչ: