երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն

ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը կստեղծեն պաշտպանության ֆինանսավորման նոր բազմակողմ մեխանիզմ՝ ուղղված պաշտպանական ներուժի ամրապնդմանը և դաշնակիցների ծախսերի արդյունավետության բարձրացմանը: Այդ մասին ասված է երկրների հրապարակած հայտարարության մեջ։

Երկրները հաստատել են պաշտպանական ֆինանսավորման և համատեղ գնումների ոլորտում համագործակցությունը խորացնելու մտադրությունը, ընդգծել, որ նախաձեռնությունը պետք է օգնի արդիականացնել ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանությունը:

«Մենք աշխատում ենք միասին, որպեսզի պատրաստ լինենք արձագանքել ապագա սպառնալիքներին։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Ուկրաինային աջակցելուն, որը պաշտպանում է իր ինքնիշխանությունը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Նոր մեխանիզմը նախատեսում է պաշտպանական ոլորտում ներդրումների ավելացում, համատեղ գնումների զարգացում ու կարևոր ռազմական հնարավորությունների կայուն պահանջարկի ձևավորում: Կողմերը նախատեսում են պաշտպանության ֆինանսավորման նոր համակարգը ներդնել 2027 թվականին։ Միևնույն ժամանակ, նախաձեռնողները հայտարարել են մասնակիցների շրջանակն ընդլայնելու մտադրության մասին:

  • Կիսվել: