Մոսկվան կողմ է արտահայտվում Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազմանը. Զախարովա
Մոսկվան կողմ է արտահայտվում Ադրբեջանի և Իրանի սահմանին լարվածության նվազմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Համոզված ենք, որ այդ երկու՝ միմյանց մոտ գտնվող երկրների միջև ծագած բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, բոլոր տարաձայնությունները պետք է հաղթահարվեն բարիդրացիական ոգով։
Մեր կողմից մենք ջանքեր ենք գործադրում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Ելնում ենք նրանից, որ այդ աշխատանքը պետք է, անշուշտ, հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում, բնականաբար, Իրանի շահերը՛՛:


