Մոնակոյում պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողը հայտնվել է տեսախցիկների արձանագրություններում․ Franceinfo
Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող տղամարդը ֆիքսվել է հենց իշխանության, իսկ այնուհետև՝ հարևան ֆրանսիական Բոսոլեյ համայնքի տեսախցիկների կողմից։ «Franceinfo» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Մոնակոյի իշխանությունները։
«Նրա տեղաշարժը ֆիքսվել է Մոնակոյի և հարևան ֆրանսիական Բոսոլեյ համայնքի տեսահսկման համակարգերի տեսախցիկներով, որտեղ նա հասել է ոտքով՝ պայթուցիկ սարքը թողնելուց հետո»,- նշված է հրապարակման մեջ։
Այս կապակցությամբ իրավապահ մարմինները մանրակրկիտ վերլուծում են այն տեսագրությունները, որոնք արվել են տեսախցիկների մեծ խտություն ունեցող տարածքում։ Ռադիոկայանի տվյալներով՝ ներկայումս քննիչներն ուսումնասիրում են պայթուցիկի բաղադրությունն ու ենթադրյալ հանցագործի թողած թիկնապայուսակի բեկորները, դեպքի վայրից ԴՆԹ-ի նմուշներ են վերցնում, ինչպես նաև փնտրում այլ ապացույցներ, որոնք կօգնեն պարզել կասկածյալի ինքնությունն ու հանցագործության դրդապատճառները։
Ֆրանսիայի իշխանությունները Ծովափնյա Ալպեր դեպարտամենտից ոստիկաններ են ուղարկել Մոնակո՝ հետաքննությանը աջակցելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը դեռևս չի ստանձնել գործի քննությունը, քանի որ Մոնակոյի իշխանություններից համապատասխան հարցում չի ստացել։ Այդուհանդերձ, «franceinfo»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հակաահաբեկչական ստորաբաժանումն ու Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) հետևում են իրավիճակին։
Ավելի վաղ «Figaro» թերթը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է տուժել։ Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանը կատարվածն անվանել է ահաբեկչություն՝ նշելով, որ սա առաջին նման դեպքն է իշխանության պատմության մեջ։ Մոնակոյի իշխան Ալբեր II-ը դատապարտել է կատարվածը և հայտարարել, որ պայթյունը ցնցել է ողջ մոնեգասկյան հասարակությունը։ Իսկ «BFMTV» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ պայթյունից տուժածներից մեկը ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևն է։



