Մոդին հանձնարարել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Հրետանին կպատասխանի», – կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերել աղբյուրը։
Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։ «Եթե նրանք կրակեն, մենք էլ կկրակենք, եթե հարձակվեն, մենք էլ կհարձակվենք», – PTI-ին ասել է աղբյուրը։ «Մենք գտնվում ենք նոր իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա»։
Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։ «Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո Պակիստանը հասկացավ, որ ինքը այս լիգայում չէ։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ», – ասել է գործակալության աղբյուրը։