կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Միշելն Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկն անվանել է «պատմական իրադարձություն»

Միշելն Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ բանակցությունների մեկնարկն անվանել է «պատմական իրադարձություն»

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դա պատմական իրադարձություն է։

«Դա բարեփոխումների անցկացման ուղղությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հսկայական ջանքերի արդյունքն է։ Երբ ժողովրդի կամքը հարգվում է, հեռատես ղեկավարությունը հաջողության է հասնում, իսկ ժողովրդավարությունը գործնականում կիրառվում է, մենք տեսնում ենք իրական առաջընթացի պտուղները»,- ասել է նա:

Միշելը հավելել է, որ ւկրաինայի ջանքերն է՛լ ավելի հիացմունքի են արժանի՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը:

Ուկրաինան և Մոլդովան, ըստ նրա, պետք է շարունակեն իրենց աշխատանքն ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական կայունության բարձրացման ուղղությամբ, որպեսզի համապատասխանեն ԵՄ լիիրավ անդամակցության խիստ չափանիշներին: Միշելն ընդգծել է, որ Եվրամիությունն իր ինստիտուտների և անդամ պետությունների միջոցով պատրաստ է աջակցել Ուկրաինային և Մոլդովային այդ ճանապարհի յուրաքանչյուր փուլում։

Նշենք, որ այսօր Լյուքսեմբուրգում պաշտոնապես մեկնարկել են Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության բանակցությունները: Դրանց առաջին փուլը կողմերի միջկառավարական համաժողովն է, որին ժամանել է 13 հոգուց բաղկացած ուկրաինական պատվիրակությունը։ Այն գլխավորում է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան: Եվրամիությունից համաժողովին մասնակցում են բոլոր 27 երկրների ԱԳ նախարարները, պատվիրակությունը ղեկավարում է ԵՄ Խորհրդում նախագահող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

  • Կիսվել: