կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեծ Յոթնյակի երկրները Ռուսաստանին կզրկեն առևտրային արտոնություններից

Մեծ Յոթնյակի երկրները Ռուսաստանին կզրկեն առևտրային արտոնություններից

ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը ասել է, որ աշխարհի խոշորագույն խմբի՝ Մեծ Յոթնյակի տնտեսությունները Ռուսաստանին կզրկեն առևտրի բարենպաստ ազգի կարգավիճակից՝ որպես արտահանող երկրի:

Ըստ Բայդենի՝ այս քայլով Կրեմլին, որը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, ևս մեկ շոշափելի հարված կհասցվի։ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին ագրեսոր է անվանել՝ հավելելով, որ ՌԴ նախագահը պետք է «վճարի» իր գործողությունների համար։
 
Ըստ Ամերիկայի ձայնի, ԱՄՆ նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխների ցուցակում կավելացվեն նոր անուններ և կարգելվի Ռուսաստանից շքեղ ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ադամանդի, օղի և ծովամթերքի։ Նախագահն ընդգծեց նաև, որ դա դեռևս ձեռնարկված վերջին քայլերից չեն:
 
Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի տարածքում Մոսկվայի սանձազերծած պատերազմն անվանում են «հատուկ գործողություն»։
 
Ռուսաստանի՝ որպես առավել բարենպաստ առևտրային արտահանող երկրի կարգավիճակի վերացումը, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար հնարավորություն է ընձեռում մաքսատուրքեր սահմանել ռուսական ապրանքների մեծ մասի վնկատմամբ՝ ավելի մեծացնելով ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա, որն արդեն իսկ ցնցումներ է վերապրում:
 
Վաշինգտոնի, Լոնդոնի և այլ դաշնակիցների համակարգված գործողությունները կլինեն ի հավելում աննախադեպ պատժամիջոցների, արտահանման վերահսկողության և բանկային սահմանափակումների, որոնք արդեն գործում են՝ Պուտինին ստիպելու դադարեցնել պատերազմը Եվրոպայում:
 
Սպիտակ տան վարչակազմի աղբյուրների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պետք է վերացնի Ռուսաստանի արտոնյալ առևտրային կարգավիճակը՝ իր օրենսդրության հիման վրա։ Միացյալ Նահանգներում դա կպահանջի Կոնգրեսի վավերացում, սակայն երկու պալատների օրենսդիրները՝ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները, արդեն աջակցություն են հայտնել այդ քայլին:
 
Ռուսաստանից ներմուծվող հիմնական ապրանքները ներառում են հանքային վառելիք, թանկարժեք մետաղներ և քարեր, երկաթ և պողպատ, պարարտանյութեր և անօրգանական քիմիական նյութեր: Այս բոլոր ապրանքները կենթարկվեն մաքսատուրքերի այն բանից հետո, երբ Կոնգրեսը կհաստատի Սպիտակ տան որոշումը։
 
«Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցները և գործընկերները շարունակում են ձեռք ձեռքի տված աշխատել Պուտինի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու և Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում ավելի մեկուսացնելու համար», - ասել է Բայդենը։
 
Նախագահը նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «ահռելի վնաս կկրի», եթե քիմիական զենք օգտագործի՝ հավելելով, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ցանկացած ուղղակի առճակատում կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ։

  • Կիսվել: