երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն

Մեծ Բրիտանիան աջակցում է «Typhoon» կործանիչները Թուրքիային վաճառելուն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ: Նա թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բրիտանիան համոզված է, որ «Eurofighter» կոնսորցիումի բոլոր անդամները կաջակցեն նշված գործարքին, գրում է ermenihaber.am-ը:

Նախարար Լեմին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը երախտապարտ է Թուրքիային որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի՝ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար: Նաև հավելել է, որ «Eurofighter Typhoon» կործանիչների արտահանման և Թուրքիա մատակարարման հարցում առկա են որոշակի առաջխաղացումներ:

Լեմին ընդգծել է, որ չորս գործընկեր երկրներն աջակցում են այս վաճառքին, և Թուրքիայի կողմից «Typhoon» կործանիչների ձեռքբերումը կնպաստի ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցների միջև տասնամյակներ շարունակվող բարեկամական կապերի ամրապնդմանը:

Հիշեցնենք, որ «Eurofighter Typhoon» կործանիչները 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ մարտական օդանավեր են, որոնք համատեղ արտադրվում են Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կողմից: Նախկինում Գերմանիան հակազդել էր Թուրքիայի հետ այս գործարքին, սակայն Բրիտանիան դիվանագիտական շփումներ է ծավալել Բեռլինի հետ՝ խոչընդոտները հաղթահարելու նպատակով:

 

  • Կիսվել: