Մենք սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահ
Մարդիկ կարծում են, որ Թրամփը, կամ ես, կամ Ռուբիոն ատում ենք Եվրոպան կամ որևէ խնդիր ունենք Եվրոպայի հետ։ Ո՛չ, մենք սիրում ենք Եվրոպան: Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ Եվրոպան վերահսկի իր սահմանները, որովհետև մենք սիրում ենք եվրոպական քաղաքակրթությունը։ Մենք ուզում ենք, որ այն պահպանվի։ Ինչո՞ւ ենք մենք մտահոգված տնտեսական աճով, որովհետև նրանք մեր ամենակարևոր դաշնակիցներից մեկն են աշխարհում։ Մենք կիսում ենք ընդհանուր քաղաքակրթական ժառանգություն։ Ինչո՞ւ ենք մենք մտահոգված ՆԱՏՕ-ով, որովհետև մենք ուզում ենք, որ Եվրոպան կարողանա պաշտպանվել, եթե, Աստված մի արասցե, ներխուժում լինի։ Մենք այնքան ենք սիրում Եվրոպան, որ պահանջում ենք, որ նրանք անեն այն, ինչ իրենց ղեկավարությունը հրաժարվում է անել, այսինքն՝ հոգ տանել իրենց մասին և ավելի խելացի լինել»:
Ջեյ դի Վենսի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, բայց նաև ցանկանում է, որ այն լինի ինքնաբավ։
«Նա չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն լինի ամերիկյան անվտանգության հովանոց, որտեղ մեր զորքերը պետք է գնան և կռվեն Եվրոպան պաշտպանելու համար: Նա ցանկանում է, որ Եվրոպան լինի ինքնաբավ, և ես կարծում եմ, որ դա ճիշտ մոդելն է: Եթե Եվրոպան փլուզվի, դա վատ կլինի Ամերիկայի համար։ Այսպիսով, մենք հոգ ենք տանելու մեր սեփական երկրի մասին, պաշտպանելու ենք մեր սեփական սահմանները և խրախուսելու ենք մեր եվրոպացի ընկերներին անել նույնը»,-ասել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:


