Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի առաջնորդը
Լիբանանում Տրիպոլիի մոտ իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը, տեղեկացնում է CNN-ը։
Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը և իսրայելական «Շին Բեթ» հետախուզական գործակալությունը հայտնել են, որ իրենք սպանել են Սաիդ Աթալլահ Ալիին՝ «Լիբանանում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի բարձրաստիճան անդամին», որը, ըստ նրանց, «ահաբեկչական հարձակումներ է իրականացրել իսրայելական օբյեկտների վրա և հավաքագրել ՀԱՄԱՍ-ի զինյալներին Լիբանանում»:
ՀԱՄԱՍ-ը հաստատել է Աթալլահ Ալիի մահը, որին անվանել է իր ռազմական թևի լիբանանյան ճյուղի՝ «Ալ-Կասամ բրիգադների» ղեկավարը:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Աթալլահ Ալին սպանվել է «սիոնիստների դավաճանական ռմբակոծության արդյունքում, որի թիրախը Տրիպոլիի մոտ գտնվող Բեդդավի փախստականների ճամբարում գտնվող նրա տունն էր»:
Պայթյունի հետևանքով զոհվել են նաև Ալիի կինը և երկու դուստրերը, ասվում է հաղորդագրության մեջ: