ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
ԼՂ-ում իրավիճակը կայուն է․ խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկողություն․ Զախարովա

ԼՂ-ում իրավիճակը կայուն է․ խաղաղապահները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկողություն․ Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախում  տիրող իրավիճակին և Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու նպատակով ստորագրված հայտարարության դրույթների կատարմանը:

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է.

«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինվորականները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկողություն, պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ ու ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձը: 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտարարության դրույթների իրականացումը քննարկվել է փետրվարի 17-ին տեղի ունեցած՝ Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև, ինչպես նաև ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների, ինչպես նաև Մոսկվայում տեղի ունեցած՝ ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպման  ժամանակ:

Աշխատանքը շարունակվում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Աշխատանքային խմբի՝ փետրվարի 12-ին տեսակապով անցկացված երկրորդ նիստի արդյունքների մասին հաղորդվել է ՌԴ-ի կառավարության կայքում»:

  • Կիսվել: