կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործեր

Կողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործեր

Իտալիայում Պարմայի մոտ գտնվող Մանյանի-Ռոկկա հիմնադրամի մասնավոր թանգարանից գողացել են ֆրանսիացի իմպրեսիոնիստների և ֆովիստների գլուխգործոցներ։ Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավների ընդհանուր արժեքը հասնում է մի քանի միլիոն եվրոյի։

Թանգարանից կողոպուտը տեղի է ունեցել մարտի 22-ի գիշերից 23-ի գիշեր ընկած ժամանակահատվածում։

Գողացված աշխատանքների թվում են Պիեռ Օգյուստ Ռենուարի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի «Նատյուրմորտ բալով» և Անրի Մատիսի «Օդալիսկա պատշգամբում» նկարը։

Ոստիկանության տվյալներով՝ գողերը չորս հոգի են։ Դիմակավորված հանցագործները կոտրել են մուտքի դուռը, ներխուժել են առաջին հարկի դահլիճ և թանգարանի այգու միջով փախչել են գլուխգործոցներով։

Ամբողջ գործողությունը տևել է երեք րոպեից էլ քիչ և, ինչպես նշում են իրավապահները, լավ պլանավորված ու կազմակերպված է եղել։

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողերին, հավանաբար, վախեցրել է միացած ահազանգը. չորրորդ նկարը, որը նրանք, ըստ երևույթին, նախատեսել էին գողանալ, թողել են թանգարանի ներսում։

Ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է թանգարանի և հարակից օբյեկտների տեսախցիկների ձայնագրությունները։

  • Կիսվել: