Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման մասին ՌԴ-ի նախազգուշացումն անհեթեթություն է. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ՛՛անհեթեթ՛՛ է անվանել Մոսկվայի նախազգուշացումները, որ Կիեւը կարող է ՛՛կեղտոտ ռումբ՛՛ կիրառել։
Politico-ին տված հարցազրույցում Ստոլտենբերգը, մասնավորապես, ասել է. ՛՛Այն պնդումը, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել կեղտոտ ռումբեր, անհեթեթ է՛՛:
Նա նշել է, որ ՛՛անհեթեթ՛՛ է պնդելը, թե Ուկրաինան կեղտոտ ռումբ կօգտագործի ՛՛իր սեփական տարածքում՛՛, որի ազատագրման համար Կիեւն ՛՛այդքան համառորեն պայքարում է՛՛։
Ռազմական դաշինքը, ըստ Ստոլտենբերգի, մտահոգված է, որ ռուսական հռետորաբանությունը ՛՛երկարատեւ վարքագծի մի մասը՛՛ կարող է լինել։ ՛՛Մեզ անհանգստացնում է, որ սա այն մոդելի մի մասն է, որը մենք նախկինում տեսել ենք Ռուսաստանում՝ Սիրիայում, ինչպես նաեւ փետրվարյան պատերազմի սկզբում կամ դրա մեկնարկից անմիջապես առաջ: Ռուսաստանը մեղադրում է ուրիշներին այն բանի համար, ինչ ինքը մտադիր է անել՛՛,-նշել է նա:
Ստոլտենբերգը հավելել է, որ Ռուսաստանը չպետք է օգտագործի այդ կեղծ մեղադրանքները կամ պնդումները որպես պատրվակ՝ Ուկրաինայում պատերազմն էլ ավելի սաստկացնելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոյգուն թուրք գործընկերոջն է փոխանցել իր մտահոգությունը Ուկրաինայի կողմից ՛՛կեղտոտ ռումբի՛՛ գործադրմամբ հնարավոր սադրանքի մասին:
Նշել էինք նաև, որ Ուկրաինան արձագանքել է Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը:


