Իսրայելը մտադիր է դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
Իսրայելցի օրենսդիրները պատրաստվում են հանդիպել՝ քննարկելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) երկրի դուրս գալու հարցը, տեղեկացնում է Times of Israel-ը:
Ըստ Քնեսեթի հայտարարության՝ երկուշաբթի օրը Քնեսեթի առողջապահության հարցերով հանձնաժողովը հատուկ քննարկում կանցկացնի «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Իսրայելի դուրս գալու» թեմայով։
Ինչպես նշվում է՝ բանավեճը նախատեսված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամների, ինչպես նաև ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» և «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունների պատգամավորների խնդրանքով:
«Կազմակերպության քաղաքականությունը հաճախ արատավորվում է հակասեմիտիզմով և Իսրայելի նկատմամբ բացահայտ խտրականությամբ և Իսրայելի՝ որպես ինքնիշխան պետության, օրինականության լուրջ խախտում է ներկայացնում»,- պարզաբանել են իսրայելցի օրենսդիրները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն սուր քննադատության էր ենթարկել Գազայում Իսրայելի գործողությունները, մասնավորապես հիվանդանոցների վրա հարձակումները։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ը և Գազայի մյուս ահաբեկչական խմբավորումները հիվանդանոցներն օգտագործում են որպես հենատարածքներ հարձակումների համար»։