Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։
«Սա հստակ ազդանշան է Սիրիայի իշխանություններին։ Մենք թույլ չենք տա սիրիական զորքերի տեղակայումը Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզական համայնքին»,- փաստաթղթից մեջբերում է արել Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Իսրայելը մի քանի օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարվածներ հասցնում Սիրիային, ինչը ցույց է տալիս այդ երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի նկատմամբ Իսրայելի խոր անվստահությունը։
Սիրիայում դրուզ փոքրամասնության նկատմամբ բռնությունը խստորեն դատապարտել է նաև Միացյալ Նահանգները։ ԱՄՆ պետքարտութղարության խոսնակ Թեմի Բրյուսի խոսքով՝ Դամասկոսի անցումային իշխանությունները պետք է «դադարեցնեն մարտերն ու իրականացնեն Սիրիայի կայունությունն ամրապնդող քաղաքականություն»,- հաղորդում է AFP-ն։
Դամասկոսի արվարձաններում կառավարամետ ուժերի և դրուզների միջև մարտերը սկսվել են ապրիլի 29-ի գիշերը, երկու օրվա ընթացքում սպանվել է հարյուրից ավելի մարդ։ Դրուզները արաբախոս էթնո-կրոնական խումբ են, որի ներկայացուցիչները հիմնականում բնակվում են Սիրիայում, Լիբանանում, Իսրայելում և Հորդանանում։