Իսրայելը չպիտի վախենա Թուրքիայի արձագանքից. The Jerusalem Post
«Ժամանակին Հայոց ցեղասպանության մասին քաջ հայտնի էր: Օսմանյան կայսրությունում գերմանացի ռազմական կցորդը դա «ոչնչացում» անվանեց, իսկ այլ զեկույցներում ներկայացվում էին սարսափելի մանրամասներ: Կանանց ստրկացնում էին եւ բռնաբարում, երեխաներին սովամահ էին անում»,-այս մասին գրված է The Jerusalem Post-ի հոդվածում, որի հեղինակները գրել են, որ Հոլոքոստի եւ «Իսլամական պետության» հանցագործություններից առաջ տեղի է ունեցել հայերի կոտորած՝ սիստեմատիկ սպանություններ Օսմանյան կայսրությունում:
Հոդվածի հեղինակները նշում են, որ Իսրայելը, որը հիմնվել է ցեղասպանությունից հետո, շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն: Նրանք նշում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և ափսոսանք են հայտնում, որ քաղաքական պատճառներով Իսրայելը նման քայլի չի դիմել:
«Հայերի ցեղասպանության ճանաչումը կխզեր Թուրքիայի հետ հարաբերությունները: Արդյունքում անցանկալի իրավիճակ առաջացավ, երբ մեր երկիրը, որը բախվել է նման հանցագործությունների, չի կարողանում օգնել մեկ այլ երկրի, որը եւս բախվել է նմանատիպ իրավիճակի»,-ասում են հոդվածագիրները:
Ըստ նրանց՝ այսօր ժամանակն է շտկել իրավիճակը, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է Իսրայելի նկատմամբ սադրանքները. «Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրների, եւ որ այդ երկրները չեն ճանաչի հայերի ցեղասպանությունը՝ թուրքական հպարտության հարցը: Իսրայելն այլեւս չպետք է վախենա Թուրքիայի արձագանքից»:
Հիշեցնենք, որ իսրայելցի պատգամավորներ Գիդեոն Սաարն ու Յայիր Լապիդը նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանարելու կոչ են արել: