Իսրայելն արգելափակել է Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարման բոլոր ուղիները
«Բժշկական օգնություն պաղեստինցիներին» (MAP) բարեգործական կազմակերպության մերձավորարևելյան բաժանմունքի ղեկավարը խիստ քննադատության է ենթարկել Գազայի հատվածի սահմանին անցակետերի փակումը՝ այդ քայլը որակելով «կոլեկտիվ պատժի անօրինական գործողություն», հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Ինչպես հաղորդվում է՝ սահմանները փակելու որոշումը հաջորդել է երկրի պաշտպանության նախարարությանը կից Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչության հայտարարությանը։
Կիրակի գերատեսչությունը հայտարարել էր, որ Իսրայելի տարածքին Իրանի հասցրած հրթիռային հարվածների պատճառով Գազայի հատվածի սահմանին գտնվող բոլոր անցակետերը ամբողջությամբ կփակվեն մինչև հետագա ծանուցումը։
MAP-ի պաղեստինյան մասնաճյուղի տնօրեն Ֆիկր Շալթութը նշել է, որ այս գործողությունները «պաղեստինցի ժողովրդի նկատմամբ կոլեկտիվ պատժի ձև են և սովի՝ որպես պատերազմի զենքի բացահայտ կիրառում»։ Նա ընդգծել է, որ նման քայլերն անօրինական են և կհանգեցնեն նոր մարդկային զոհերի։ «Այսպես կոչված «հրադադարի» ուժի մեջ մտնելու պահից ի վեր զոհվել է գրեթե հազար պաղեստինցի։ Սակայն նույնիսկ մինչև անցակետերի ամբողջական արգելափակումը, հումանիտար օգնությունն անկլավ էր հասնում ծայրահեղ չնչին քանակությամբ՝ միլիոնավոր մարդկանց պահելով գոյատևման և սովամահության եզրին»,- հայտարարել է Շալթութը և հավելել. «Այժմ լիակատար շրջափակման մեջ կարող են հայտնվել կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցները, վառելիքը, կենցաղային գազը և անհրաժեշտ սարքավորումները։ Հիվանդանոցները, որոնք առանց այն էլ հազիվ էին գործում դեղորայքի և էլեկտրաէներգիայի խիստ պակասի պայմաններում, կբախվեն էլ ավելի խոր ճգնաժամի»։
Այդ կապակցությամբ MAP-ը կոչ է արել անհապաղ բացել անցակետերը, իսկ իրավապաշտպանները դիմել են նաև միջազգային հանրությանը՝ պահանջելով աջակցել տարածաշրջան հումանիտար անխոչընդոտ հասանելիության ապահովմանը:



