Իրանը Թուրքիային և այլ երկրների զգուշացրել է, որ կարող է հարվածել ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն հարված հասցնի
Թեհրանը զգուշացրել է ԱՄՆ զորքերը հյուրընկալող հարևաններին, որ կհարվածի ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի։ Այս մասին Reuters-ի հետ զրույցում հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:
Նա հավելել է, որ Իրանը փորձում է կանխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտության սպառնալիքները։
Հիշեցնենք՝ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել՝ ի պաշտպանություն Իրանում ցուցարարների։ Նա խոստացել է «շատ ուժեղ գործողություններ», եթե Իրանը մահապատժի ենթարկի ցուցարարներին
Ըստ իսրայելական կողմի գնահատման՝ Թրամփը որոշել է միջամտել, չնայած այս գործողության շրջանակը և ժամկետները դեռևս անհայտ են, ասել է իսրայելցի պաշտոնյան։ Երեք դիվանագետներ ասել են, որ որոշ անձնակազմի խորհուրդ է տրվել լքել Կատարի ԱՄՆ ռազմական Ալ Ուդեյդ ավիաբազան մինչև չորեքշաբթի երեկո։ Դիվանագետներից մեկն այս քայլը նկարագրել է որպես «դիրքի փոփոխություն», այլ ոչ թե «հրահանգված տարհանում»։ Զորքերի լայնածավալ տեղափոխման որևէ նշան չի եղել բազայից մոտակա ֆուտբոլային մարզադաշտ և առևտրի կենտրոն, ինչպես տեղի է ունեցել անցյալ տարի՝ Իրանի կողմից բազան հրթիռներով թիրախավորելուց մի քանի ժամ առաջ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա ավիահարվածների։ Դոհայում ԱՄՆ դեսպանատունը որևէ մեկնաբանություն չի արել, իսկ Կատարի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Հավելենք, որ Իրանի իշխանությունները մեղադրում ենել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին անկարգություններ հրահրելու մեջ
Reuters-ի զրուցակից իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թեհրանը խնդրել է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին՝ «կանխել Վաշինգտոնի հարձակումը Իրանի վրա»։ «Թեհրանը տարածաշրջանի երկրներին՝ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից մինչև Թուրքիա, ասել է, որ այդ երկրներում գտնվող ԱՄՆ բազաները կենթարկվեն հարձակման, եթե ԱՄՆ-ն թիրախավորի Իրանը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆի միջև ուղիղ շփումները կասեցվել են։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։


