Իրանը Սուլեյմանիի սպանության համար վրեժի 13 տարբերակ ունի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը մշակել է ավելի քան 10 տարբերակ՝ պատասխանելու ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հայտնում է Fars գործակալությունը:
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի՝ ներկայումս Անվտանգության խորհրդում ներկայացված է «վրեժի» 13 տարբերակ, որոնցից «ամենամեղմը գիշերային մղձավանջ կլինի Ամերիկայի համար»։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սուլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար։ ԱՄՆ Զինված ուժերը իրանցի գեներալի սպանությունից հետո բարձր մարտունակության են բերվել:
Իրանի խորհրդարանը միաձայն օրինագիծ է ընդունել, որի համաձայն` ԱՄՆ բանակն ու Պենտագոնը Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո ահաբեկչական կազմակերպություններ են ճանաչվում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտնել է, որ օրենսդիրները կկազմեն և քվեարկության կդնեն բանաձև, որով սահմանափակվելու են Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հարցում նախագահ Թրամփի լիազորությունները: