Իրանը բարձր է գնահատել իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը. ԻԻՀ ԱԳՆ
Իրանը բարձր է գնահատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին սեպտեմբերին ձերբակալված իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
՛՛Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձր է գնահատել ձերբակալված վարորդների ազատ արձակումը և դա կառուցողական քայլ է համարել թյուրըմբռնումը հարթելու համար՛՛,-ասված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանցի վարորդներին ու նրանց մեղադրում էին Գորիս-Կապան ճանապարհով դեպի Արցախ բեռներ տեղափոխելու մեջ։ Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին։