երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Իրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ աղբյուր

Իրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ աղբյուր

Իրանի ներկայացուցիչները նախատեսում են Նյու Յորքում բանակցություններ վարել միջնորդների հետ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ, այլ ոչ թե անմիջապես ամերիկյան կողմի հետ։ Այս մասին գրում է իրանական Tasnim-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Աղբյուրները, մասնավորապես, նշել են. «Մեր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրան ուղեկցող պատվիրակությունը երկուշաբթի օրը հանդիպում կանցկացնեն միջնորդների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։ ԱՄՆ-ի հետ բանակցություններ նախատեսված չեն»:

Նրանք, սակայն, չեն հստակեցրել, թե կոնկրետ ում հետ են տեղի ունենալու քննարկումները։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում Իրանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցություններ են անցկացվել Կատարի միջնորդությամբ։

Reuters-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդները կարող են երկուշաբթի կամ երեքշաբթի առանձին բանակցություններ վարել ամերիկյան և իրանական կողմերի հետ։

 

  • Կիսվել: