Իրանի խորհրդակցությունները «եվրաեռյակի» երկրների հետ չեն կայանա. Ֆրանսիայի ԱԳՆ
Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։
«Պետք է կայանար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ բանակցությունները չեն կայանա, տեխնիկական հանդիպումը կորցրել է իր հրատապությունը, գոնե այս պահին», - հարցազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Բարոն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սամանել Իրանի դեմ բանակցությունների անհաջողության դեպքում։
«Եթե մենք մի քանի շաբաթ անց Իրանի հետ չունենանք համաձայնություն նրա միջուկային ծրագրի նկատելի, ստուգելի և հուսալի դադարեցման վերաբերյալ, մենք՝ եվրոպացիներս, կրկին կկիրառենք պատժամիջոցներ, որոնք չեղարկել էինք 10 տարի առաջ, երբ համաձայնություն ձեռք բերվեց», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն եվրոպական կողմի հետ համակարգում է իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակացույցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար մայիսի 3-ին Հռոմում, հետաձգվել է։ Ըստ Reuters-ի իրանցի աղբյուրի՝ հանդիպման նոր ամսաթիվ կնշանակվի՝ «կախված ԱՄՆ-ի մոտեցումից»։
Վաշինգտոնը և Թեհրանն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են երկխոսության երեք փուլ։ Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: