Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Կատարի վարչապետ ու արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին անցկացրել են հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև «միջուկային դոսյեի» շուրջ բանակցային գործընթացը։
Ինչպես հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը, կողմերը դիտարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով «խորհրդակցությունների և համագործակցության շարունակման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային փոխգործակցության շրջանակներում դիվանագիտական ուղու աջակցման և առաջմղման նպատակով»։
Կատարը, Օմանի հետ մեկտեղ, հանդիսանում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առանցքային միջնորդներից մեկը։ Փետրվարի 17-ին Ժնևում կայացել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի միջնորդությամբ։ Իսլամական հանրապետության ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը հայտարարել է, որ խորհրդակցություններն անցել են լավ, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել մի շարք դիրքորոշումներ, որոնք մատնանշել է Սպիտակ տունը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իսրայելը պնդում էին, որ Իրանը հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլև բալիստիկ հրթիռների արտադրությունից և Մերձավոր Արևելքում իրանաետ ուժերի աջակցությունից։


