Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի գործերին քաղաքական միջամտությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ քաղաքական միջամտությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեխնիկական գործերին լիովին ապակառուցողական քայլ է։
Ամիր Աբդոլլահյանն այս հայտարարությունն արել է Սինգապուրի իր գործընկեր Վիվիան Բալակրիշնանի հետ հեռախոսազրույցում։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է էլ ավելի ընդլայնել հարաբերությունները Սինգապուրի հետ։
Նա նաև անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը և ասել, որ դիվանագիտությունն ու երկխոսությունը միակ լուծումն են ներկայիս ճգնաժամի համար։ Ամիր Աբդոլլահյանը խոսել է նաև ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի մասին և կոչ արել վերջ տալ «Թեհրանի հասցեին հնչեցվող աղմուկին ու գոռգոռոցներին»։
Նա նշել է, որ Իրանի տեխնիկական համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ և գործակալության կողմից իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի բազմակի հաստատումը չի կարող անտեսվել միջազգային հանրության կողմից:
Սինգապուրի արտգործնախարարն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ և ասել, որ իր երկիրը պատրաստ է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։