երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար

ԱՄՆ-ն իր գործողություններով խախտում է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը և մեծացնում է սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկերը։ Նման գնահատում է տրված ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության հուշագրում, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Միջուկային զենքի ուղղահայաց և հորիզոնական տարածման  ԱՄՆ-ի բացահայտ գործողությունները խարխլում են չտարածման միջազգային ռեժիմի հիմքերը և դառնում ամբողջ աշխարհում  խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող գլխավոր գործոնը», - ասվում է փաստաթղթում։

Փհենյանում «ուղղահայաց տարածմանն» են դասում ամենից առաջ ամերիկյան սեփական զինանոցի ընդլայնումն ու արդիականացումը։ ԱԳՆ-ն հիշատակում է LGM-35A Sentinel միջմայրցամաքային հրթիռի, B-21 ռազմավարական ռմբակոծիչների, Columbia դասի սուզանավերի, B61 միջուկային ավիառումբերի նոր մոդիֆիկացիաների ստեղծման աշխատանքները և Golden Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման պլանները։

Առանձին բաժին նվիրված է «հորիզոնական տարածմանը»։ Գերատեսչությունը Վաշինգտոնին մեղադրում է դաշնակիցներին միջուկային տեխնոլոգիաների փոխանցման, ԱՄՆ տարածքի սահմաններից դուրս համապատասխան միջոցների տեղակայման և եվրոպական ու ասիական գործընկերների հետ ընդլայնված զսպման մեխանիզմների զարգացման մեջ։ Որպես օրինակներ նշվում են ՆԱՏՕ-ն, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ կնքված AUKUS դաշինքը, ինչպես նաև համագործակցությունը Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Փհենյանի հետագա ուղեգիծը կորոշվի՝ ելնելով ազգային շահերի և տարածաշրջանային անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունից:

 

 

  • Կիսվել: