«Հյուսիս-հարավ» նախագծի նշանակությունն ավելի է մեծանում․ Զախարովա
Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակի ֆոնին «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն է՛լ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ինչպես երկկողմ առևտրի ապահովման տեսանկյունից, այնպես էլ՝ դեպի Իրան ապրանքների կայուն մատակարարում ապահովելու առումով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ միջազգային տրանսպորտային միջանցքի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Իրանի հարևան մյուս պետությունները։
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորագույն հատվածի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության՝ նա նշել է, որ ապագա երթուղու հատվածում ինժեներական հետախուզական աշխատանքներն անմիջապես վերսկսվել են, հենց որ թույլ է տվել ռազմաքաղաքական իրադրությունը։
«Երկաթուղային գծի շինարարության նախագծի ֆինանսավորման վարկային գիծը չի սառեցվել։ Մոսկվան ակնկալում է գործադիր պայմանագրի ստորագրում և մի շարք տեխնիկական հարցերի լուծում՝ գործնական աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար։ Մենք արձանագրում ենք իրանցի գործընկերների աճող հետաքրքրությունը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի նկատմամբ»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



