չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ռեկորդային մասնակցություն է ապահովվել

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ռեկորդային մասնակցություն է ապահովվել

Ընտրատեղամասերի բացումից յոթ ժամ անց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան կեսը: Այս մասին վկայում են Ազգային ընտրական բյուրոյի կայքում այսօր՝ ապրիլի 12-ին, հրապարակված տվյալները, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ քվեարկության տեղամասերը բացվել են ամբողջ երկրում ժամը 06:00-ին և կգործեն մինչև 19:00։

Ըստ Ազգային ընտրական բյուրոյի՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների առաջին ինը ժամերի ընթացքում քվեարկել է ընտրողների 60,01 տոկոսը՝ գրեթե 5 միլիոն մարդ։ Մնացած չորս ժամում ընտրություն պետք է կատարի ևս մոտ 2,5 միլիոն քաղաքացի։

Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ռեկորդային մասնակցությանը. «Շատ մարդիկ են քվեարկում։ Սա նշանակում է մեկ բան՝ եթե ուզում ենք պաշտպանել Հունգարիայի անվտանգությունը, ոչ մի հայրենասեր չպետք է մնա տանը։ Միայն «Ֆիդես»։ Առաջ՝ դեպի հաղթանակ»,-նշել է նա։

Իր հերթին ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Տիսա» («Հարգանք և ազատություն») կենտրոնամետ կուսակցության ղեկավար Պետեր Մադյարը նշել է. «Ամբողջ «Տիսան» և միլիոնավոր մեզ աջակցող հունգարացիներ հանգիստ, վստահ և խաղաղ սպասում են երեկոյան քվեատուփերի փակմանը․ օրվա մասնակցության տվյալները հաստատում են այն, ինչ մենք արդեն գիտեինք։ Այսօր տեղի է ունենում ռեժիմի փոփոխության հանրաքվեի տոն, որը կմտնի Հունգարիայի պատմության մեջ»:

  • Կիսվել: