Հունգարիան անցնում է խնայողության ռեժիմի․ մետրոն և տրամվայները կերթևեկեն ավելի դանդաղ
Բուդապեշտի իշխանությունները երկրի էներգահամակարգում ստեղծված լարված իրավիճակի ֆոնին էլեկտրաէներգիայի խնայողության միջոցառումներ են սահմանում, հաղորդել է HVG-ն։
Ինչպես հայտնել է քաղաքապետ Գերգեյ Կարաչոնը, մետրոյի և տրամվայի գծերում կփոխվեն երթևեկության ժամանակացույցները․ վագոններն ավելի դանդաղ թափ կհավաքեն, ինչի պատճառով ուղևորության տևողությունը մի քանի րոպեով կավելանա։ Ակնկալվում է, որ դա թույլ կտա օրական խնայել շուրջ 15 մվտ/ժամ էլեկտրաէներգիա։
Բացի այդ, աշխատանքային օրերին առանձին երթուղիներում տրոլեյբուսների մի մասը ժամանակավորապես կփոխարինեն էներգաարդյունավետ օդորակման համակարգերով հագեցած ժամանակակից դիզելային ավտոբուսներով։
Քաղաքապետի խոսքով՝ Հունգարիայի էներգահամակարգը վերջին տասնամյակների ընթացքում բախվել է ամենալուրջ փորձություններից մեկին, ուստի նույնիսկ փոքր խնայողությունը կօգնի խուսափել էլեկտրամատակարարման ընդհատումներից։
Էներգասպառման նվազեցման միջոցառումների շրջանակում Բուդապեշտում նաև կանջատեն խորհրդարանի շենքի դեկորատիվ լուսավորությունը, իսկ մինչև երկուշաբթի աստիճանաբար կմարեն Բուդայի ամրոցի շենքերի լուսավորությունը։
Էներգահամակարգի վրա լրացուցիչ ճնշում է հանդիսանում նաև «Պակշ» ատոմային էլեկտրակայանում ստեղծված իրավիճակը։ Շաբաթ օրը կայանի առաջին էներգաբլոկը կրկին կանգնեցվել է Դանուբում ջրի ցածր մակարդակի պատճառով։ «Տիսա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարի տվյալներով՝ կայանի ընթացիկ հզորությունը կազմում է մոտ 480 մեգավատ՝ սովորական 2 000 մեգավատի փոխարեն։



