երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը «քարտ-բլանշ» էր տալիս Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը «քարտ-բլանշ» էր տալիս Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որի վրա Մոսկվան վետո է դրել, փաստացի «քարտ-բլանշ» էր տալիս Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։

Նա նշել է, որ նման միակողմանի բանաձևի ընդունումը կվտանգեր բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարները։

«Դա կխաթարեր ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ցանկացած հնարավորություն», -նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ փաստաթուղթը կարող էր խոչընդոտել նաև Չինաստանի, Պակիստանի և Թուրքիայի խաղաղարար նախաձեռնությունները։

Ըստ Նեբենզյայի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Իրանում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև ասել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ Անվտանգության խորհրդին առաջարկում է դիտարկել բանաձևի այլընտրանքային նախագիծ, որը հաշվի կառնի տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ծովային անվտանգության հարցերը։

Տարածաշրջանի երկրներին նա ուղիղ երկխոսության կոչ է արել։

«Մեր արաբ և իրանցի գործընկերներին կոչ ենք անում ինքնուրույն կարգավորել նավագնացության հարցերը։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նման շփումներին»,-ասել է նա և ԱՄՆ-ին մեղադրել դիվանագիտական ջանքերը ձախողելու մեջ։

«Վաշինգտոնն արդեն երկու անգամ դավաճանել է դիվանագիտությանը՝ Իրանին հարվածներ հասցնելով բանակցային գործընթացի թեժ պահին»,-հայտարարել է Նեբենզյան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որն առաջարկել էր Բահրեյնը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 11 երկիր, ևս երկուսը ձեռնպահ են մնացել։

  • Կիսվել: