Հայտնաբերվել է Նապոլեոնի զինակից գեներալի աճյունը
Եթե Նապոլեոն Բոնապարտի զինակից գեներալ Սեզար Գյուդենի՝ ամռանը Սմոլենսկում հայտնաբերված աճյունի փոխանցման վերաբերյալ Ֆրանսիայից հայց ներկայացվի, ապա ռուսական կողմը պատրաստ է բավարարել այն, տեղեկացնում է interfax.ru-ն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ռուսական կողմը կաջակցի գեներալի աճյունը Փարիզին փոխանցելու հարցում:
Նա նշել է, որ նախագահ Պուտինը տեղյակ է վերջին իրադարձությունների մասին, մասնավորապես, որ ԴՆԹ թեստերն ապացուցել են աճյունի պատկանելությունը գեներալ Սեզար Շառլ Էթյեն Գյուդենին:
«Մեր և ֆրանսիացի հնագետներն իսկապես շատ լավ են աշխատել՝ թե՛ փաստաթղթերն են ուսումնասիրել, թե՛ համատեղ պեղումներ են անցկացրել»,-հավելել է Պեսկովը:
Ռուս-ֆրանսիական հնագիտական արշավախումբւ սկսել է աշխատել Սմոլենսկում 2019-ի մայիսին: Հուլիսին պատմաբան, Ռուս-ֆրանսիական պատմական նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Պիեր Մալինովսկին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 1812 թ. ճակատամարտի վայրում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է աճյուն, որը հավանաբար պատկանում է Գյուդենին:
1812 թ. պատերազմի ժամանակ գեներալը դիվիզիա է ղեկավարել և կռվել է Սմոլենսկում, որտեղ էլ զոհվել է: