Հայոց ցեղասպանությունը հրեշավոր գործողություն էր. ԱՄՆ սենատոր
ԱՄՆ Սենատում իր ելույթի ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բոբ Մենենդեսն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի անընդունելի վարքագծին, ինչպես նաև բարձրաձայնել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերագնահատելու անհրաժեշտության մասին հարցը, տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:
Սենատորը, մասնավորապես, ասել է. «Թուրքիան՝ էրդողանի ղեկավարությամբ, չպիտի և չի կարող լինել ԱՄՆ դաշնակիցը: Քանի՞ անգամ պիտի ականատես լինենք, թե ինչպես է Թուրքիան դավաճանում սահմանված արժեքները: Քանի՞ լրագրող դեռ պիտի հայտնվի փակի տակ՝ Էրդողանի կողմից, որ դադարենք համարել Թուրքիան ժողովրդավարական երկիր»:
Բոբ Մենենդեսն ընդգծել է, որ Սենատում իր անցկացրած 27 տարիների ընթացքում ուսումնասիրել է Թուրքիայի ներխուժումները, օրինակ՝ 1974 թ. ներխուժումը Կիպրոս, որը, ըստ սենատորի, առայսօր շարունակվում է:
Սենատորը նշել է, որ Թուրքիայի՝ միջերկրածովյան տարածաշրջանում իրականացրած ագրեսիվ գործողություններից նաև Հունաստանն է տուժել:
Մենենդեսն ասել է. «Թուրքիայի արարքները վստահելի գործընկերոջ և դաշնակցի գործողություններ չեն: Ո՞վ կարող է մոռանալ իրենց սահմանադրական իրավունքը պաշտպանող խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակումը: Այժմ էլ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ներկայացրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, Թուրքիան դարձյալ փորձեր է արել՝ այն խոչընդոտելու՝ իմանալով, որ քվեարկության դրվելու դեպքում բանաձևը միաձայն կընդունվեր: Սա ճշմարտության բարձրաձայնում է՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այն հրեշավոր գործողություն էր»: