ՀԱՀ-ում հակամիգրացիոն զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպվել
Հարավային Աֆրիկայի խոշորագույն քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով, որ առանց փաստաթղթերի բոլոր ներգաղթյալները լքեն երկիրը: Այս մասի տեղեկացնում է BBC News-ը։
Ոստիկանությունից հայտնել են, որ ընդհանուր առմամբ երկրում բողոքի ցույցերն ընթանում են հիմնականում խաղաղ, թեև արձանագրվել են թալանի և կողոպտման փորձերի առանձին դեպքեր։
Ոստիկանությունը հայտնել է հինգ մարդու ձերբակալության մասին՝ ամենախոշոր քաղաքային բնակավայրում՝ Սոուետոյում, խանութ թալանելու կասկածանքով։ Եվս մոտ տասը մարդ է ձերբակալվել Կվազուլու-Նատալ նահանգում՝ թալանի, ինչպես նաև հարձակումների ու ահաբեկումների համար։
Դուրբանում փակվել են քաղաքի կենտրոնի ձեռնարկությունները, իսկ ցուցարարներն իշխանություններին են հանձնել իրենց պահանջներով խնդրագրեր։
March and March խմբի առաջնորդ Ջակլինտա Նգոբեզե-Զուման հայտարարել է, որ բողոքի ցույցերը տեղի են ունենալու ամեն շաբաթ՝ վեց ամսվա ընթացքում, որպեսզի հասնեն երկիրն անօրինական ներգաղթյալներից «ազատելուն»։
Operation Dudula շարժման ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ մասնակիցները մտադիր են «հասնել» առանց փաստաթղթերի օտարերկրացիների ձերբակալություններին։
Հաղոչդվում է նաև, որ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցույցերի նախօրեին հանդիպել է դրանց կազմակերպիչների հետ՝ փորձելով նվազեցնել լարվածությունը։ Նա կոչ է արել ակցիաներն անցկացնել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ ընդգծելով միգրացիոն բարեփոխումների անհրաժեշտությունը և հիշեցնելով, որ շատ օտարերկրացիներ երկրում են գտնվում օրինական հիմունքներով և իրենց ներդրումն են ունենում տնտեսության մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ երկրում բնակվում է ավելի քան երեք միլիոն գրանցված օտարերկրացի, սակայն անօրինական ներգաղթյալների հստակ թիվն անհայտ է։ Տարեսկզբից ի վեր շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։



