հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մայիսի 15-ի կեսգիշերից ի վեր զոհվել է 39 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ և կանայք, վիրավորվել են տասնյակ անձինք։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Հարվածների թիրախում են հայտնվել Խան Յունիս քաղաքի բնակելի տները։ Զոհերի թվում է լրագրող Հասան Սամուրը և նրա ընտանիքի մի քանի անդամները։ 

Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Գազայի հատվածում վերջերս տեղի ունեցող կոտորածները և նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաթարում է միջնորդների ջանքերը՝ հասնելու հրադադարի և գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի։

Կանադան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն քննադատել են Իսրայելին՝ սնունդը որպես պատերազմի զենք օգտագործելու և շաբաթներ շարունակ պաշարված Գազայի հատված օգնության մուտքը կանխելու համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52 928 պաղեստինցի, վիրավորվել՝ 119 846-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

 

  • Կիսվել: