ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ֆրանսիան դադարեցնում է զենքի արտահանումը Թուրքիա

Ֆրանսիան դադարեցնում է զենքի արտահանումը Թուրքիա

Ֆրանսիան որոշել է դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, որոնք կարող են կիրառվել Սիրիայում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի և ԶՈՒ նախարարությունների համատեղ հայտարարությանը։

Հայտարարության մեջ ասված է, որ որոշումն «անհապաղ ուժի մեջ կմտնի։ Նշվում է նաև, որ Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 14-ին անցկացվելիք Եվրոպական միության ԱԳՆ երկրների ղեկավարների հանդիպումը հնարավորություն կտա համակարգել տվյալ հարցի առնչությամբ եվրոպական ընդհանուր մոտեցումը։

Համատեղ հայտարարարությունում նաև ասված է. «Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունը։ Պաշտոնական Փարիզի կարծիքով, ռազմական այս գործողությունը «հարվածի տակ է դնում» այն հաջողությունները, «ինչին միջազգային կոալիցիան  հասել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում», ինչպես նաև հանգեցնում է «ծանր հետևանքների հումանիտար ոլորտում, վնաս է հասցնում եվրոպական անվտանգությանը»։

Ֆրանսիան պահանջում է անհապաղ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչների նիստ գումարել, որպեսզի քննարկվի՝ ինչպես պետք է շարունակվեն կոալիցիայի ջանքերը ներկա պայմաններում»։

  • Կիսվել: