ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵՏՀ-ն պետք է երաշխավորի, որ առաջադեմ առաջարկությունները նոր խոչընդոտներ չդառնան առևտրում, պատնեշներն առանց այդ էլ շատ են. Լուկաշենկո

ԵՏՀ-ն պետք է երաշխավորի, որ առաջադեմ առաջարկությունները նոր խոչընդոտներ չդառնան առևտրում, պատնեշներն առանց այդ էլ շատ են. Լուկաշենկո

Եվրասիական տնտեսական միության միջազգային օրակարգի ընդլայնման համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել հեռավոր աղեղի երկրներին։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

«Եվրասիական տնտեսական միության միջազգային օրակարգի ընդլայնման համար պետք է հատուկ ուշադրություն դարձնել հեռավոր աղեղի երկրներին, որտեղ մեր ապրանքները և ծառայություններն առայժմ սակավ ճանաչելի են։ Առաջարկում ենք Զարգացման եվրասիական բանկին միանալ այդ ուղղությանը»,-նշեց Լուկաշենկոն։

Նա դրական գնահատեց ԵՏՄ համագործակցության զարգացումը երրորդ երկրների հետ, այդ թվում Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի մշակումը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերին, և համաձայնագրերի փաթեթը Սինգապուրի հետ։

Լուկաշենկոյի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում պատնեշների վերացման համար պետք է քաղաքական որոշում կայացնել։

«Այսօր մենք հանձնաժողովն օժտեցինք լիազորություններով ապրանքների մակնշման և դրանց շարժին հետևելու հարցերում։ ԵՏՀ-ն պետք է երաշխավորի, որ այդ առաջադեմ առաջարկությունները նոր խոչընդոտներ չդառնան առևտրում։ Միությունում պատնեշներն առանց այդ էլ շատ են:

Հատկապես անհանգստացնում է, երբ դրանք մտցվում են այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսին են, օրինակ, պետգնումները։ Եկել է ժամանակը, որպեսզի պետությունների ղեկավարները քննարկեն ցավոտ հարցը և ընդունեն քաղաքական որոշում»,-ասաց Լուկաշենկոն:

 «ԵՏՄ-ն շատ երիտասարդ կազմավորում է։ Նրա զարգացման համար էլ ավելի շատ ջանքեր ու  միջոցներ է պետք ներդնել, որպեսզի ոչ ուշ, քան 2025 թվականին կամ անգամ ավելի շուտ ստեղծվի համապարփակ և արդյունավետ տնտեսական միություն, կառուցվեն միասնական շուկաներ, ձևավորվեն միասնական ճյուղային քաղաքականություններ և իրականացվեն ԵՏՄ-ի մասին պայմանագրի դրույթները»,- ամփոփել է նա։

Նշենք, որ 2020 թվականին Բելառուսը կստանձնի Եվրասիական տնտեսական միության նախագահությունը, նրա ներկայացուցիչը կգլխավորի ԵՏՀ Կոլեգիան։ Լուկաշենկոն ընդգծեց, որ երկիրը պատրաստվում է այդ շրջանին ամենայն լրջությամբ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: