կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Էրդողանը նախատել է Հունաստանի վարչապետին՝ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կոչելու համար

Էրդողանը նախատել է Հունաստանի վարչապետին՝ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կոչելու համար

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը պաշտպանող հերթական հայտարարությունը, գրում է ermenihaber.am-ը:  

Մայիսի 13-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Էրդողանը միջամտել է վերջինիս խոսքին, երբ նա, խոսելով «ՀԱՄԱՍ»-ի մասին, այն անվանել է ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ իր հույն գործընկերն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություն անվանումը՝ «ՀԱՄԱՍ»-ին բնութագրելու համար և շեշտել, որ այն պաղեստինյան դիմադրական շարժում է, իսկ դրա անդամները՝ դիմադրության մարտիկներ։

Թուրքիայի նախագահի այս միջամտությանն են անդրադարձել իսրայելական, բրիտանական և արաբական որոշ լրատվամիջոցներ։

Իսրայելական մամուլը դատապարտել է Էրդողանին՝ «ՀԱՄԱՍ»-ին պաշտպանելու համար, բրիտանական մամուլը նշել է, որ Էրդողանն աջակցում է խմբավորմանը, իսկ արաբական մամուլը գրել է, որ Թուրքիայի նախագահը քննադատել է «Հյուսիսատլանտյան դաշինքի»-ի (ՆԱՏՕ) իր դաշնակցին «ՀԱՄԱՍ»-ի պատճառով։

 

  • Կիսվել: