Էրդողանի կուսակցությանը հանրային աջակցությունը ամենացածր մակարդակին է հասել․ հարցում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ սկսած 2002 թվականից, երբ քաղաքական ուժը իշխանության եկավ․ ներկայում այն կազմում է 26.1 տոկոս: Այս մասին վկայում են MetroPOLL Research-ի հանրային հարցման արդյունքները։ MetroPOLL-ի ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների «Turkey’s Pulse» հարցումները, որոնք X-ում հրապարակել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենջարը, ցույց են տալիս, որ ԱԶԿ-ի ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս նվազել է՝ 20.6 տոկոսից հասնելով 18.1 տոկոսի։
Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) աջակցությունը ավելի կայուն է մնացել՝ ապրիլին կազմելով 23.8 տոկոս, իսկ հուլիսին՝ 23.5 տոկոս։ Երբ չկողմնորոշված ընտրողները բաժանվել են կուսակցությունների միջև, CHP-ին աջակցությունը կազմել է 33.8 տոկոս: Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեին, եթե հաջորդ կիրակի անցկացվեին համընդհանուր ընտրություններ: Հարցմանը մասնակցել է 1784 մարդ 28 շրջաններից։
Նշենք, որ CHP-ն հաղթել է մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում՝ 22 տարվա մեջ առաջին անգամ ԱԶԿ-ին թողնելով երկրորդ տեղում։ CHP-ն 47 տարվա մեջ առաջին անգամ առաջատար կուսակցություն է՝ ապահովելով ձայների 37.7 տոկոսը, պահպանելով հսկողությունը հիմնական քաղաքներում և հասնելով զգալի հաջողությունների այլ շրջաններում, մինչդեռ ԱԶԿ-ն երկրորդ տեղում է՝ հավաքելով ձայների միայն 35.4 տոկոսը:
Պրոֆեսոր Սենջարը հարցման արդյունքները կապում է ցածր եկամուտ ունեցող մարդկանց դժգոհության հետ, որոնք տառապում են կենսական մեծ ծախսերից՝ 70 տոկոսը գերազանցող գնաճի պատճառով: MetroPOLL-ի մեկ այլ հարցում վերջերս պարզել էր, որ հարցվածների 81.3 տոկոսը կարծում է, որ տնտեսությունը վատ է կառավարվում, ընդ որում, նրանց զգալի մասը, որոնք քվեարկել են ԱԶԿ-ի և նրա դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության (MHP) օգտին, նույնպես դժգոհություն են հայտնել:
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը նամակ է ուղղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որում կոչ է անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ջո Ուիլսոնը, Սթիվ Քոենը, Ռիչարդ Հադսոնը և Մարկ Վիսոնը, որոնք կոչ են անում պետքարտուղարին «անհապաղ և վճռական» քայլեր ձեռնարկել Վրաստանի իրավիճակի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այնտեղի «աճող ավտորիտար և հակաժողովրդավարական կառավարությանը»։
«Մենք հավատում ենք, որ ժամանակն է սկսել անհատական ֆինանսական պատժամիջոցների կիրառման գործընթացը՝ ուղղված Վրաստանում կոռուպցիայի և չար ազդեցության հիմնական կենտրոնների դեմ»,- նշվում է նամակում։ Պատժամիջոցների հիմնական թիրախ են համարվում Բիձինա Իվանիշվիլին և նրա մերձավոր շրջապատը։ «Պետք է հստակ լինի, որ Վրաստանում կոռուպցիայի և չար ազդեցության հիմնական գործիչները՝ կապված հակաարևմտյան տարրերի հետ, չեն կարողանա անպատիժ հարձակվել վրաց ժողովրդի և նրա ժողովրդավարության վրա»,- ասվում է նամակում։